ԵՄ մի քանի երկրների ղեկավարներ կոշտ քննադատել են Անկարային, որ զայրացել է Թուրքիայի կառավարության անդամներին այդ երկրներում ապրող իրենց քաղաքացիների հանրահավաքներում ելույթ ունենալն արգելելու որոշումով:
Ապրիլի 16-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով նշանակալից մեծանում են նախագահի իրավասությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է Գերմանիային ու Նիդերլանդներին նացիզմի մեջ, երբ այդ երկրների կառավարություններն արգելեցին թուրքերի հանրահավաքները: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Էրդողանի հայտարարությունները անվանեց անընդունելի: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հույս հայտնեց, որ Թուրքիան «ուշքի կգա»: Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը հետաձգեց իր հանդիպումը Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ՝ հայտարարելով, որ ժողովրդավարական սկզբունքները Թուրքիայում կոշտ ճնշման տակ են: Ռասմուսենը հավելել է, որ Հոլանդիայի վրա Թուրքիայի ներկա հարձակումների պարագայում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հնարավոր չէ շրջանցել այդ խնդիրը: Էրդողանի շուրթերից հնչած նացիզմի մեղադրանքները Անգելա Մերկելն անվանեց «անընդունելի և զայրացնող»:
Հանրահավաքները եվրոպական քաղաքներում կազմակերպվում էին, որ համոզեն Եվրոպայում ապրող թուրքերին աջակցել հանրաքվեում նախագահ Էրդողանի իրավասությունների ընդլայնմանը: Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում ծրագրված հանրահավաքները բեկանվեցին անվտանգության նկատառումներով՝ ինչպես հայտարարեցին իշխանությունները: Ֆրանսիայում հանրահավաքը կայացավ: Մեց քաղաքի իշխանությունները հայտարարեցին, որ հանրահավաքը սպառնալիք չէր հասարակական կարգին: Ֆրանսիայի ԱԳ նախարարը, այնուամենայնիվ, Թուրքիային խնդրեց խուսափել սադրանքներից: Թուրքիայի ու Նիդերլանդների հարաբերությունները անցած կիրակի սրվեցին, երբ Թուրքիայի կառավարության երկու նախարարների՝ սկզբում ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, հետո ընտանիքի ու սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթիմա Բետյուլ Սայան Կայեին արգելեցին ելույթ ունենալ Ռոտերդամում: Շաբաթ օրը Հոլանդիայի իշխանությունները թույլ չտվեցին Չավուշօղլուին երկիր մտնել, իսկ Ֆաթիմա Բետյուլ Սայան Կայեին արտաքսեցին գերմանական սահման: Դրանից հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը Նիդերլանդները համեմատեց «բանանային հանրապետության» հետ, միջազգային կազմակերպություններից պահանջեց պատժամիջոցներ սահմանել և Արևմուտքին մեղադրեց իսլամաֆոբիայի մեջ: «Ես ասում էի, որ նացիզմին վերջ է դրված, բայց ես սխալվում էի: Նացիզմը ողջ է Արևմուտքում»՝ հայտարարեց Թուրքիայի նախագահը:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կիրակի օրը Էրդողանից ներողություն պահանջեց իր երկիրը նացիստների ու ֆաշիստների հետ համեմատելու համար: «Այս երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծվում էր: Բացարձակապես անընդունելի է նման հայտարարությունը»՝ ասաց Ռյուտեն: Նիդերլանդները հարկադրված կլինի պատասխան քայլերի մասին մտածել, եթե Թուրքիան նույն ոգով շարունակի՝ հավելեց վարչապետը: Գերմանիայի կառավարությունը ևս խստացնում է տոնը Թուրքիայի նկատմամբ: Ավելի վաղ կանցլեր Անգելա Մերկելն ասում էր, որ իր կառավարությունը դեմ չէ Գերմանիայում անցկացվող հանրահավաքներում թուրք նախարարների ներկայությանը, եթե հանրահավաքները հարկ եղած կերպով ծանուցվել են: Սակայն Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարեց, որ դեմ է Գերմանիայի տարածքում թուրքական քաղաքական հանրահավաքներին: «Թուրքական քարոզչական արշավը Գերմանիայում անելիքներ չունի»՝ հայտարարեց Մեզյերը գերմանական մամուլին: Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարեց, որ Թուրքիան «համագործակցության զարգացման հիմքերը քանդեց»:
Շվեդիայից ստացված տեղեկություններով՝ տարածքի տերը, որտեղ պետք է անցներ Ստոկհոլմի թուրքական համայնքի հանրահավաքը, բեկանել է միջոցառումը: Այդ հանրահավաքում պետք է ելույթ ունենար Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը: Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ոչ մի կապ չունի հանրահավաքի բեկանման հետ, և հանրահավաքը կարող է այլ վայրում անցկացվել:
Հոլանդիան մի քանի երկրներից մեկն է, որ արգելեց թուրք պաշտոնյաների հանդիպումները թուրք ընտրող միգրանտների հետ և առաջին երկիրը չէ, որի վրա մեղադրանքներ տեղաց Էրդողանը: Բայց կան մարդիկ, որ կասեն՝ վարչապետ Ռյուտեն լրացուցիչ պատճառներ ուներ նման կոշտ որոշման համար: Մարտի 15-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավում շատ է խոսվում միգրացիայի ու միգրանտների մասին: Հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների նշանակալից մասը ցանկանում է կանոնների խստացում թե նոր եկածների, թե երկրում տարիներով ապրածների, թե միգրանտների ընտանիքում ծնվածների նկատմամբ: Ընտրարշավի սկզբին Ռյուտեն իր կուսակցության մանիֆեստում հայտարարեց միգրանտներին. «Ձեզ նորմալ պահեք, կամ ճանապարհը բաց է»: Նահանջել նիդերլանդցի թուրքերի բողոքների առաջ, նշանակում է լիովին ոչնչացնել այդ ուղերձը և կորցնել ցանկալի ձայները, որ կարող են ստանալ և արմատական ազգայնական Գերտ Վիլդերսը, և մյուսները, որ պահանջում են միգրացիայի սահմանափակում, իսկ նրանք շատ են: Հետաքրքիր է՝ կատարվածը ինչպե՞ս կազդի վերջերս ստեղծված «Դենկ» կուսակցության վրա, որ ներկայացնում է միգրանտներին և առաջին հերթին ծագումով թուրքերին: Կուսակցությունը իր կարգախոսներից մեկն է դարձրել «փոխադարձ ճանաչումը», բայց քաղաքական գործիչների կոշտ հայտարարությունները դա չեն խոստանում:
Թուրքիայի սահմաններից դուրս ապրում է 5,5 միլիոն թուրք, միայն Գերմանիայում 1,4 միլիոն թուրք կա, որ ձայնի իրավունք ունեն, այդ պատճառով Թուրքիայի կառավարությունը բոլոր ուժերով նրանց ձգտում է իր կողմը ներգրավել:
Թուրքական համայնք ունեցող եվրոպական շատ երկրներ, նրանց թվում Գերմանիան, դեմ են հանրահավաքներին թուրք պաշտոնյաների մասնակցությանը՝ զգուշանալով հասարակության մեջ լարման աճից: Նրանք խոր անհանգստություն են հայտնում բռնաճնշումների դեմ, որ Թուրքիայում սկսվել են անցած տարվա հուլիսին հեղաշրջման փորձից հետո և մեղադրում են նախագահ Էրդողանին երկրում ավտորիտար վարչակարգ հաստատելու ձգտման մեջ:
BBC
Հ.Գ. Մեդալը, ինչպես միշտ, երկու երես ունի: Սկսենք Եվրոպայից.
1. Տասնամյակներ իրենց ժողովրդագրական խնդիրները եվրոպական երկրները փորձում էին լուծել միգրանտների հաշվին, որ նաև էժան աշխատուժ, հետևաբար արդյունաբերության ու տնտեսության զարգացում էին ապահովում: Նրանց կառավարությունները վստահ էին, որ միգրանտները կինտեգրվեն իրենց երկրներում, նույնիսկ հնարված էր բազմամշակութայնության տեսությունը: Սկզբում ամեն ինչ լավ էր՝ միգրանտները գալիս էին, աշխատանք էին գտնում, աշխատում էին ու ամեն ինչ նորմալ էր: Բայց ինտեգրում չէր ստացվում:
2. Եվրոպացիները հաշվի չէին առել, որ մուսուլմանները քրիստոնյաների նման չեն՝ նրանք չեն հարմարվում, այլ փորձում են իրենց հարմարացնել: Այդպես եվրոպական երկրներում ստեղծվեցին մինի պետություններ, որի քաղաքացիները ճանաչված չէին, բայց ունեին իրենց դպրոցները, մզկիթները, ապրում էին փակ համայնքով:
3. Եվրոպացիները այնքան ինքնավստահ էին, որ օրենսդրորեն չէին պահանջում սեփական քաղաքացիությունից հրաժարում միգրանտներին՝ քաղաքացիություն տալուց առաջ և հիմա հատուցում են:
4. Երկրորդ-երրորդ սերնդի միգրանտները արդեն հայտնվում էին քաղաքականության մեջ՝ եվրոպացիները դարձյալ չէին անհանգստանում, որ իրենց երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիները կարող են առաջին հայրենիքից կառավարվել:
5. Տնտեսական ճգնաժամը, Մերձավոր Արևելքի երկրներում հեղափոխությունների ու պատերազմների հետևանքով փախստականների հոսքը ակնհայտ դարձրին տասնամյակներով կուտակված ու չգիտակցված խնդիրները:
6. Անցած տասնամյակների սխալ քաղաքականության հետևանքը դարձավ ազգայնական տրամադրությունների աճը հասարակության մեջ և ազգայնական կուսակցությունների վերելքը և հիմա Եվրոպան ընտրության առաջ է՝ շարունակել նախկին քաղաքականությունը, տրվել ազգայնականներին, թե գտնել ելքեր սխալներն ուղղելու ու նոր սխալներից խուսափելու համար:
7. Մուսուլմանների ներկայությունը Եվրոպայում այլևս փաստ է, որ հանգեցնում է քաղաքակրթական ճգնաժամի, որքան շուտ Եվրոպան հասկանա, որ Թուրքիան ու թուրքերը եվրոպական երկիր ու եվրոպացի չեն, չեն ցանկանում ու չեն դառնալու երբևէ, այնքան արագ կլուծվեն միմյանց հետ հարաբերվելու հարցերը:
Անցնենք Թուրքիային.
1. Ամառային բեմադրված հեղաշրջումից հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը լավ հնարավորություններ ստեղծեց ինքն իր համար՝ բոլոր այլախոհներին, որ դեռ դավանում են հանրապետական Թուրքիայի ինչ-որ արժեքներ, հայտարարել ահաբեկիչներ, դավաճաններ ու լցնել բանտերը: Փաստացի Թուրքիան այժմ երկփեղկված է և միավորման նպատակ Էրդողանը չունի, նա ունի զտման նպատակ:
2. Նոր Սահմանադրությունը չկարողանալով Ազգային մեծ ժողովում անցկացնել՝ Էրդողանը ստիպված էր հանրաքվեի դնել: Նրան հստակ երաշխիքներ են պետք, որ իր նախաձեռնությունը կանցնի, Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը հաշվարկված է՝ նրան պետք է հաղթանակ և շատ կարևոր է այդ հաղթանակին հասնել ձայների գերակշիռ մեծամասնությամբ:
3. Բազմամիլիոնանոց Թուրքիայում Էրդողանը լիովին կարող է լուծել իր խնդիրը՝ առանց ապավինելու Թուրքիայի արտասահմանում բնակվող քաղաքացիների ձայներին: Եվրոպայում Թուրքիայի քաղաքացիների հանրահավաքներ կազմակերպելու և այդ հանրահավաքներում թուրք նախարարների ելույթների աննախադեպ որոշումը քարոզչական շոու է՝ Էրդողանը փորձում է կասեցնել հետընտրական զարգացումների հնարավորությունը, իր անհեթեթ ու բոցաշունչ ելույթներով նա սեփական քաղաքացիներին ուզում է ցույց տալ, որ միայն իրեն կարող են ապավինել, իսկ ժողովրդավարական Եվրոպան, որ պարբերաբար քաղբանտարկյալների, մարդու իրավունքների պաշտպանության ու խոսքի ազատության ապահովման կոչեր է անում Թուրքիային, ոչնչով լավը չէ Թուրքիայից՝ նացիստների ու ֆաշիստների հավաքածու է, ուրեմն՝ հույսներդ կտրեք եվրոպաներից ու ապավինեք ինձ՝ ի վերջո ասելու է Էրդողանը:
4. Էրդողանը գիտի, որ եվրոպական երկրներում բնակվող թուրքերի ու քրդերի մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը և հենց այդ պատճառով կգնա քվեարկության ու դեմ կքվեարկի: Այսինքն՝ հանրաքվեից առաջ նա ունի վատագույն դեպքում 3-4 միլիոն դեմ ձայն, ու այդ վիճակից ելք է որոնոմ:
5. Էրդողանը շատ լավ ուսումնասիրել է թե Եվրոպան, թե ժողովրդավարության առանձնահատկությունները՝ նա հասկանում է, որ եվրոպական երկրները միասնական չեն լինելու թուրքական հանրահավաքների ու քարոզչության խնդրում և դա իր համար լրացուցիչ խաղաքարտ է՝ սեփական քաղաքացիներին ցույց տալու եվրոպական քաղաքականության թերությունները ու ինքնամեծարվելու իբրև ազգի առաջնորդ եվրոպացի ղեկավարների համեմատությամբ:
6. Ինչո՞ւ Էրդողանը իր նախարարներին չի ուղարկում ԱՄՆ, որտեղ թուրքերը ևս պատկառելի թիվ են կազմում: Կամ՝ չունեն քվեարկության իրավունք, կամ չի ուզում հարաբերությունները փչացնել Դոնալդ Թրամփի հետ, թուրքերը միշտ էլ խոնարհվում են ուժին ու վիճարկում հավասարի հետ:
7. Էրդողանին պետք է համաեվրոպական գովազդ իր կասկածելի նախաձեռնության արդարության համար, և նա դա ստացավ:
ՈՒ՝ ի՞նչ:
1. Էրդողանին կհաջողվի սահմանադրական հանրաքվեում ստանալ ձայների մեծամասնություն՝ կողմ և դեմ ձայների մեծ տարբերությամբ: Թուրքիան հանրապետությունից կվերածվի միապետության: Իսկ հետո արդեն չբեմադրված հեղաշրջում կլինի և իշխանափոխություն, երբ զինվորականությունը ուշքի գա իրեն հասցված գլխատող հարվածներից:
2. Էրդողանին կհաջողվի սահմանադրական հանրաքվեում ստանալ մեծամասնություն, բայց շատ փոքր առավելությամբ, և դա սկիզբ կդառնա երկրում բողոքի նոր ալիքի:
3. Բոլոր դեպքերում, եթե անգամ Սահմանադրության նոր տարբերակը չանցնի, որ արտակարգ դրության և բռնաճնշումների պարագայում քիչ հավանական է, Էրդողանն ունի քրդերի խնդիր և պատերազմում է երեք ճակատով՝ Իրաքում, Սիրիայում, երկրի ներսում, նրան պետք է գոնե փոքր հաղթանակ՝ ցույց տալու, որ ինքը ժողովրդի նոր հայրն է ու սիրում է իր հնազանդ զավակներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ